Գյուղում շատերն են ճանաչում փոքրիկ Քնարիկի մայրիկին՝ դերձակ Գայանեին: Երեք երեխաների երիտասարդ մայրիկը փոքրուց սիրել է կար ու ձև: Սովորել է հագուստի մոդելավորում և կար: Ձեռքով շատերի համար է կարել հագուստներ, շատերի համար է շտկել հագուստի թերություններ, շուղագործության և ասեղնագործության սիրահար է և շատ հաճախ նվերներ է անում մտերիմներին: Ամուսնանալուց հետո էլ սիրած գործը չի թողել և միշտ երազել է սեփական աշխատանքի և կարի մեքենայի մասին: Ապրում են բավական հին տանը, բակում ունեն հողակտոր, որ մշակում են և գոհանում իրենց բերքով:
«Ավարտել եմ հագուստի գեղարվեստական մոդելավորում բաժինը: Սիրում եմ ձեռագործ աշխատանքներ: Արդեն վեց տարի շուղագործությամբ առցանց պատվերներ եմ կատարում, բայց երազում էի կարի մեքենայի և ավելի լուրջ գործերի մասին: Ամուսինս միշտ մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, բայց հիմա վնասվածք ունի և էլ չի կարող աշխատել: Ապրում ենք մեր համեստ միջոցներով՝ օրավարձով աշխատանք կամ հողագործություն:
Մի օր, 2018 թվականին, Վորլդ Վիժնից եկան մեր տուն: Ծնվել էր Քնարիկս, տեսան մեր պայմանները և երեխայիս գրանցեցին իրենց ծրագրում, տեսան նաև որ պատրաստի աշխատանքներ ունեմ՝ շրջազգեստներ, շապիկներ... Զրուցեցինք, և առաջարկեցին, որ կարի մեքենա տան, և ավելի լուրջ զբաղվեմ իր սիրելի գործով», - ոգևորված պատմում է Գայանեն:
Քնարիկի մայրիկն անցել է վերապատրաստում և հիմա արտադրական տեսքի շապիկներ, զգեստներ է կարում, պատվերների պահանջն էլ է փոխվել, և Գայանեն ավելի հաճախ երեկոյան զգեստներ է կարում:
«Ես էլ ստացված եկամուտով գեղեցիկ ժանյակներ եմ պատվիրում, թելեր և կտորներ եմ գնում, ճիշտ է՝ թանկ են, բայց գործի որակի համար քիչ քանակով ձեռք եմ բերում: Անկողնային պարագաներ էլ եմ կարում: Հավանում են իմ աշխատանքները, հաճախորդներս են ինձնից սարքում լավ վարպետ», - համեստորեն ասում է Գայանեն:
Երկու տարեկան Քնարիկը մայրիկի օգնականը չէ, բայց ոգևորության աղբյուրն է: «Աղջկաս համար էլ եմ կարում, իհարկե իմ երեխայի համար ժամանակ այդքան չի մնում, աշխատում եմ գումար վաստակել», - խոստովանեց Գայանեն:
«Տեսնելով Գայանեի հմտությունները և պատրաստակամությունը ավելիին հասնելու, որոշեցինք նրան ընդգրկել Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, որպեսզի գործիքների և գիտելիքների օգնությամբ բարելավենք նրանց ընտանիքի կյանքը», - նշում է Միքայել Թութոյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիայի գրասենյակի համակարգողը։
Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
Չնայած ժամանակի սղությանը՝ Գայանեն սիրով է հաճախել Վորլդ Վիժնի կազմակերպած դասընթացներին, որոնք նրան օգնել են շատ հարցերում, - «Ֆինանսական գրագիտության դասընթացը շատ օգտակար տեղեկություն տվեց: Երբեք չէի մտածի, որ գումար խնայելն այդքան կհեշտանա: Առաջ մտածում էի, որ դա անհնար է, մանավանդ երբ քիչ եկամուտ ունենք, բայց հիմա փորձում ենք խնայողաբար և հերթով անել մեր ծախսերը, քիչ-քիչ ստացվում է: Մեծ երազանք ունեմ, որ նորոգենք մեր տունը, որ էլ խոնավ չլինի ու ամուր տանիք ունենա: Երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում, իսկ ես շատ-շատ եմ ցանկանում, ուրեմն՝ կստացվի», - վստահեցնում է Գայանեն:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: