Այս գյուղական համայնքում վագոն տնակներ շատ չկան. նրանցից մեկում ապրում է Անահիտի ընտանիքը։
Երեխայի մայրը ամուսնալուծված է, բազմազբաղ առօրյայով, երեխաների նկատմամբ հոգատար և լավատես։
«Բաժանվեցի, քանի որ նա ոգելից խմիչքի նկատմամբ սեր ուներ… Ապրում եմ երեխաներիս հետ՝ իմ հայրական հողակտորի վրա, վագոն տնակում: Վերջերս հարազատներիս օգնությամբ նոր վագոն եմ ձեռք բերել, սա ավելի հարմար է, նորոգեցի Վորլդ Վիժնի օգնությամբ: Առհասարակ իմ կյանքը շատ է փոխվել այն օրից, երբ մեզ առաջին անգամ այցելել են Վորլդ Վիժնից», - հիշում է Անահիտի մայրը՝ Հերմինեն:
Անահիտի ընտանիքը ներգրավված է Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։ Այս ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
«Այնքան են օգնում, որ չգիտեմ՝ որ մեկը պատմեմ: Նախ երեխաներին՝ տաք հագուստ, ձմեռային բաճկոններ, տաք շորեր։ Գրիչներից ու պայուսակներից էլ չեմ խոսում: Մեզ կցված սոցիալական աշխատողներն օր առաջ հասնում են իմ նեղ պահերին», - հուզված պատմում է Անահիտի մայրը:
Հերմինեն մասնագիտություն չունի, սակայն լավ տիրապետում է հողագործության գաղտնիքներին, գիտի երբ ցանել կարտոֆիլը և ինչպես մշակել:
«Մայրս շուտ է մահացել, ես երեխա էի, դրա համար էլ շուտ եմ զբաղվել հողագործությամբ, հորս էի օգնում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ երեխաներս լավ մանկություն ունենան, ինչպես կարող եմ պիտի նրանց անհոգ մանկություն պարգևեմ:
2017 թ․-ից ինձ օգնում է Վորլդ Վիժնը․ էլեկտրական ջեռոց տվեցին՝ երեխաներիս համար հաց եմ թխում, իրենց շնորհիվ քառասուն հատ հավ ունեմ: Աղջիկներս հաճախում են երկարօրյա դպրոց ու շատ են սիրում դասատուներին», - կիսվում է Հերմինեն:
«Մեծանամ, մամայիս կօգնեմ, որ քիչ աշխատի, շատ հանգստանա», - ասում է իննամյա Անահիտը:
Հերմինեն այն մայրիկներից է, որոնց համար երեխայի խնամքը կարևորագույն հարց է, և նա սիրով է հաճախել դրական ծնողավարությանն առնչվող դասընթացներին:
«Պատմում էին երեխաներին ճիշտ լողացնելու ձևը որն է, սննդակարգի մասին էին պատմում, ինչպես ճիշտ կերակրել, որ չհիվանդանան, ժամանակին հետևել դասերի պատրաստմանը: Իսկ ֆինանսների տնտեսման դասերին սովորեցի, որ անհրաժեշտը պետք է գնել, իսկ ոչ շատ հրատապ գնումը՝ հետաձգել, և հիմա իմ սուղ միջոցներից կարողանում եմ տնտեսել», - վստահեցնում է Հերմինեն:
«Ես չափից շատ բան սովորեցի Վորլդ Վիժնի միջոցով, դրանք ինձ համար նորություն էին, սիրով նորից կգնամ, միայն թե մայիսից հետո՝ հիմա հողամասի գործերով եմ զբաղված: Ես մի երազանք ունեմ՝ տուն լինի իմ բալիկների համար», - հույսով նշում է Հերմինեն:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: