Նվիրաբերել
Հաջողության պատմություններ
Հենրի, 12տ․
Հենրի, 12տ․

Ցավոք իրականություն է, որ դեռ կան ընտանիքեր, որ ապրում են տնակային պայմաններում: Իրականություն է նաև, որ նրանցից շատերը փորձում են բարելավել իրենց պայմանները, փորձում են աշխատել և լավատես լինել: Այդպիսին է Հենրիի ընտանիքը: Ութ հոգանոց ընտանիքում հաշտ են, մեկը մյուսի նկատմամբ ներողամիտ ու սիրով: Հենրին ապրում է ծնողների, եղբոր, քույրիկի, տատիկի, պապիկի և հորեղբոր հետ։ Երեխայի մայրը՝ Կարինեն, և տատիկը այգեգործությամբ են զբաղվում և մշակում են իրենց հողակտորը:   

«Մենք աշխատասեր ընտանիք ենք, ես ու սկեսուրս հող ենք մշակում: Երբ Հենրիիս Վորլդ Վիժնն ընդգրկեց հովանավորչական ծրագրում, ես գնացի իրենց մոտ և խնդրեցի մեզ օգնել: Եկան, ծանոթացանք, տեսան, որ հողի հետ սեր ունենք, մեզ սերմացու կարտոֆիլ տվեցին: Ցանեցինք 1500մ. մեր հողում ու այսօր արդեն այդ բերքից ունենք և՛ բերք, և՛ նոր սերմացու, էլ չենք գնի: Երեխաներիս հագուստով, սնունդով շատ են օգնում, դպրոցական պարագաներով, բարի խոսքով... Փոքր տղայիս երաժշտական այբուբեն են տվել ու դրանով առանց դպրոց գնալու, սիրով սովորել է տառերը, գույները, կենդանինրին է ճանաչում... Շատ հոգատար են», - հուզված պատմում է Կարինեն: 

Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Մեր տան կտուրը ամեն անձրևի հետ թրջվում էր: Վորլդ Վիժնի մեր բարեկամները մեզ տվեցին շինանյութ, և ամուսինս ամրացրեց տան կտուրը, հիմա չի կաթում ու կամաց-կամաց անցնում է խոնավության հոտը: Ամուսնուս էլ օգնեցին անձնագրային հարցերը լուծել, ինձ ուղղորդեցին, թե ուր դիմել, և դա շատ օգնեց, ամենակարևորը սովորեցրին օրենքը: Հիմա ամուսինս անձնագիր ունի: Կոմունալ ծախսերի հարցում էլ են օգնել…», - շնորհակալությամբ պատմում է Կարինեն:

Հենրիի մայրը օրինակելի տնտեսուհի է, ով Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու գրասենյակի կողմից կազմակերպած ֆինանսական գրագիտության դասընթացից հետո՝ լուրջ հաջողություն է գրանցել:

«Դասընթացները, որոնք կազմակերպում են այստեղ շատ օգտակար են: Պատկերացնո՞ւմ եք, մեկ տարում երկու հորթուկ ենք գնել և դա շնորհիվ ֆինանսական գրագիտության դասընթացների: Ծնողավարման դասերն էլ լավն էին, շատ նոր գիտելիքներ տվեցին, ես շատ գոհ եմ ու ուրախ, որ հանդիպել ենք Վորլդ Վիժնին: Ես գիտեմ, որ բարությունը կարող է փրկել աշխարհը», - համոզված պատմում է Կարինեն:

Հենրին ուրախ պատմում է հորթերի մասին. «Մեր հորթերին անուններ ենք դրել, տատիկս մեկին ասում է Մոռիկ, մյուսին՝ Չալկա, ես էլ եմ օգնում պահել, որ շուտ մեծանան»:  

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: