Նվիրաբերել
Հաջողության պատմություններ
Անի, 6տ․
Անի, 6տ․

Փոքրիկ Անիի ընտանիքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` վերջին պատերազմական գործողությունների ժամանակ, տեղահանվել է Լեռնային  Շահումյանի շրջանից: Ընտանիքը երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է՝ վերցնելով միայն անձնական փաստաթղթեր։ Թողել են տունը, այգին ու ունեցվածքը: Անիի հայրը եղել է դիրքերում, ամիսներ անց միայն կարողացել է միանալ ընտանիքին: Այժմ վարձով ապրում են Լոռու մարզի համայնքներից մեկում: Մեծ այգի կա, որը խնամքով ցանել ու մշակում են: Պայմաններն իհարկե համեստ են, բայց աշխատասեր ընտանիքը չի բողոքում, միայն ցանկանում են աշխատանք ունենալ:

«Ես խանութում էի աշխատում՝ մենեջեր, ամուսինս Դրմբոնի ոկսու հանքում զոդող է եղել, ունեցել ենք աշխատանք, տուն… Հիմա՝ ոչինչ, բայց փառք Աստծուն, որ ողջ ենք: Երբ եկանք այստեղ, մեզ այցելեցին Վորլդ Վիժնի աշխատակիցները, ասացին, որ օգնություն ունեն մեզ համար: Անսպասելի էր, որ գտել են մեզ: Հենց սկզբից մեզ համար ամենակարևորը սնունդն է եղել, և հենց սկզբից դա ենք ստացել, հետո՝ հիգիենայի պարագաներ: Նույնիսկ տաք ծածկոցներ, ճաշի համար կաթսաներ, ամաններ, բաժակներ… Առաջին անհրաժեշտության իրեր են տվել մեզ», - պատմում է Արմինեն՝ Անիի մայրը:

Այնուհետ Վորլդ Վիժնի միջնորդությամբ ընտանիքին այցելել են այլ կազմակերպություններից ու կրկին օգնություն տրամադրել: 

«Ի դեպ, Վորլդ Վիժնի աշխատակիցները աղջիկներիս համար էլ շատ մեծ գործ են արել: Մեր համայնքում գործող «Նավակ» ցերեկային կենտրոնում կա խաղային անկյուն, որտեղ մեծ սպասումով հաճախում են երեխաներս՝ Մարինեն և Անին», -մանրամասնում է Արմինեն: 

14 տարեկան Մարինեն շտապում է արտահայտվել. «Այնտեղ մեզ շատ լավ են վերաբերվում, ուրախացնում են, երգացնում, պարում ենք ու խաղեր խաղում: Մեզ սովորեցնում են միմյանց հարգել, օգնել ու սիրել»: 

«Մենք շատ շնորհակալ ենք բոլորից, եթե անգամ չեն գալիս, ապա զանգում են, ճշտում` ինչպես ենք․ դա մեզ համար մեծ ուրախություն է: Բայց մեզ բոլորիս խաղաղ երկինք է պետք…», - մտքերի մեջ է ընկնում Արմինեն:

Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի կողմից տրամադրված դրամաշնորհային վեցամսյա ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանն աջակցում է Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 10.000 շահառուի: 

Աջակցությունը հիմնականում բնաիրային տեսքով է, բացի այդ` դրամաշնորհի շրջանակում Վորլդ Վիժնի՝ երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային կենտրոններում ստեղծվել են հատուկ երեխաների համար նախատեսված խաղային անկյուններ, որտեղ Արցախից տեղափոխված 600 երեխաներ անցկացնում են հետաքրքիր և ուսուցանող ժամանակ, ինչպես նաև ստանում են մասնագիտական  ծառայություններ: