Դավիթի մայրը՝ Խանումը, միշտ ժպտում է ու լավատես է, չնայած շատ դժվարություններ է հաղթահարել: Լավատես է, որովհետև հավատում է, որ հույսը մարդու ամենակարևոր շարժիչ ուժն է, որ հուսալով և աշխատանքով, ինչպես նաև բարին կամեցող մարդկանց շնորհիվ կարելի է առաջ գնալ: Ընտանիքում հինգ հոգի են` Խանումը, ամուսինը, երկու երեխաները և տատիկը: Մինչև ամուսնու առողջության կտրուկ վատթարացումն ապրում էին սովորական, բայց ոչ ծայրահեղ դժվարին պայմաններում: Ամուսինը տաքսի էր վարում, ինքը դերձակություն էր անում: Բայց…
«Ամուսինս հիվանդացավ, անկողնային դարձավ, հոգեպես շատ ճնշված, հուսահատված էր… Շատ բարդ ժամանակներ սկսվեցին մեզ համար՝ դեղի գումարը չէր բավականացնում… Չեմ ցանկանում հիշել այդ օրերը: Դավիթս մոտ վեց տարի արդեն գրանցված էր Վորլդ Վիժնում, և մի անգամ երեխային տարան Հանքավանի ճամբար: Հետո տնայց արեցին և տեսան մեր սոցիալական ծանր պայմանները, հարցաթերթիկ լրացրեցի, թե ինչի պակաս ունենք, և անհապաղ սկսեցին օգնության ծրագիրը», - հիշում է Դավիթի մայրը:
Ընտանիքին նախ առաջարկվել է կով պահել, բայց քանի որ փորձ չունեին, նախընտրել են ջերմոցային տնտեսություն: Կարճ ժամանակ անց ընտանիքի հայրը ոգևորությունից վեր է կացել անկողնուց և սկսել փոքր քայլերով աշխատել:
«Նույնիսկ ծանր գործերը նրա համար դարձան հնարավոր, քանի որ տեսավ, որ սերմից բույս եմ ստանում ու հավատաց ապագային: Երեխաներն էլ ոգևորվեցին ու սկսեցին մեզ օգնել: Հիմա սխտորի էլիտար սերմացու ենք ստացել, որն ավեի բերքատու է: Գարնանը՝ սբ. Զատիկին, բավական կանաչի վաճառեցինք, իսկ եկած գումարով նոր ջերմոցի համար շինանյութ ենք գնել: Անցած տարվա վարունգի բերքի եկամտից էլ երեխաներին պայուսակներ ու գրենական պիտույքներ գնեցինք: Մեզ Վորլդ Վիժնից սովորեցրին, թե լոբու և լոլիկի սերմերն ինչպես ընտրենք և ցանենք, այս տարի դա էլ ենք արել: Մենք շատ սիրեցինք ջերմոցի աշխատանքը, մեր ընտանիքի համար դա մի մեծ հնարավորություն դարձավ: Ջերմոցի շնորհիվ տեսանք, որ կարողանում ենք նաև գումար կուտակել ու երեխաներին ուղարկեցինք վարժարան: Լավ են սովորում, ուրախ ենք», - առանց շտապելու պատմում է Խանումը:
13-ամյա Դավիթը շատ աշխույժ էր. «Շատ էի ուրախացել, որ նոր ջերմոց ենք ունենալու, ես էլ էի պարկերը տեղափոխում»:
Այս ընտանիքում փոփոխությունները հնարավոր են դարձել Վորլդ Վիժնի Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շնորհիվ, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
«Մեծ հաջողություն էր, երբ մասնակցեցի Վորլդ Վիժնի ֆինանսական գրագիտության դասընթացին: Մենք գյուղատնտեսական վարկ ունեինք և մի քիչ ուշացման համար բռնագանձում էին արել ամուսնուս հաշմանդամության թոշակից: Երեք ամիս մուծում էինք: Դասերի ժամանակ ինձ ծանոթացրեցին ֆինանսական հաշտարարի գրասենյակի աշխատանքի հետ: Զանգեցի, և պարզվեց, որ իրավունք չունեին բռնագանձելու», - հպարտանալով պատմում է Խանումը:
«Խանումին կանչեցին բանկ, վճարման նոր ժամանակացույց տվեցին և տոկոսները չհաշվեցին», - պատմում է Վորլդ Վիժնի սոցիալական աշխատող Հասմիկ Առաքելյանը:
«Վորլդ Վիժնն ինձ օգնեց, և ես կարողացա ընտանիքս պաշտպանել: Մեզ շատ են օգնում՝ սնունդով, հիգիենայի պարագաներով… Հույսը չի կարելի կորցնել, Վորլդ Վիժնը ապացուցում է, որ գիտելիքով, աշխատասիրությամբ կարելի է առաջ շարժվել»:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: