Ամեն ընտանիք ունի իր պատմությունը, որը ստեղծվում է տարիների ընթացքում: Արտյոմի մայրը՝ Մարիամը, ամուսնացել է Վրաստանում, հետո ամուսնու հետ տեղափոխվել են Հայաստան: Մշտական աշխատանք չունեն, հողակտորը փոքր է: Տունը, որտեղ ամուսիններն ապրում են երկու մանկահասակ զավակների հետ, սեփականություն չէ, հույս ունեն, որ մի օր կունենան իրենց տունը:
«Ամուսնացանք Վրաստանում, ամուսինս այնտեղից է, հետո հարմար գտանք գալ Հայաստան, բայց ո՛չ տուն ունեինք, ո՛չ էլ գործ: Ես համակարգչային օպերատորություն եմ սովորել, հետո հաշվապահություն, բայց չէր ստացվում գումար աշխատել: Կան շատ դժվարություններ, բայց ամեն անգամ մտածում էինք, որ կանցնեն, մի դուռ կբացվի», - հիշում է Մարիամը։
«Այդպես էլ եղավ: Վորլդ Վիժնը եկավ նաև մեր գյուղ, ես իմացա այդ մասին ու գնացի նրանց մոտ: Հրաշալի սոցիալական աշխատողներ կան այնտեղ, ծանոթացան մեր ընտանիքին ու տղայիս ներգրավեցին աջակցության ծրագրում», - շարունակում է Մարիամը:
Արտյոմի ընտանիքն ընդգրկվել է Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։ Այս ծրագիրն օգնում է կարիքի մեջ հայտնված ընտանիքներին՝ գործիքների և գիտելիքների օգնությամբ հաղթահարել աղքատությունը և վաստակել երեխաների կարիքների համար։
«Մարիամը պատմեց, որ համացանցում մատնահարդարություն է ուսումնասիրում և շատ է ցանկանում սովորել ու աշխատել: Նրան չմերժեցինք, միասին հաշվարկներ արեցինք՝ եկամտի, ծախսերի, և ուղարկեցինք վարսահարդարման դասընթացի: Դասընթացի ավարտից հետո Մարիամի համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ էլեկտրական խարտոց, չորացուցիչ, լույս, առաջնային նյութեր, որից հետո գրանցվել են նույնիսկ մշտական պատվերներ», - մանրամասնում է Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիայի գրասենյակի համակարգող Միքայել Թութոյանը։
Մարիամը որպես մատնահարդար սպասարկում է իրենց գյուղի, ինչպես նաև հարևան գյուղերի հաճախորդներին, իսկ Նոր տարվա տոներին՝ հերթագրումով են գրանցվում:
«Տոներին հաճախորդներ ավելի շատ են լինում, իսկ մնացած ժամանակ, օրինակ՝ հարևան գյուղում մի քանի հաճախորդ հավաքվում են, զանգում, և ես գնում եմ նրանց մոտ, քանի որ բոլորին չէ հարմար գալ մեր տուն: Սիրում եմ գործս, շատ տեսանյութեր եմ նայում, որ կատարելագործվեմ», - կիսվում է Մարիամը:
Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում: Արտյոմի ընտանիքին տրամադրվել է նաև սննդօգնություն և հիգիենայի պարագաներ COVID-19 համավարակի հետևանքները մեղմելու համար։
«Վորլդ Վիժնի կազմակերպած բոլոր դասընթացներին հաճախել եմ՝ ֆինանսական գրագիտության, դրական ծնողավարման։ Այս դասընթացին ես համոզվեցի, որ երեխային ոչ մի դեպքում չի կարելի խփել: Իսկ մեր սոցիալական աշխատողի միջոցով հետաքրքրվում եմ նորություններով, որ եթե լինի նոր սեմինար՝ հանկարծ բաց չթողնեմ: Ծուլությունը լավ բան չէ, եթե չաշխատենք ու բողոքենք՝ ոչ ոք ձեռք չի մեկնի», - վստահ է Մարիամը:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Ծրագրին մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: