Ո՞վ ենք մենք
Վորլդ Վիժնը երեխայակենտրոն, համայնքահեն, քրիստոնեական կազմակերպություն է, որի առաքելությունն է աշխատել երեխաների, ընտանիքների և համայնքների հետ՝ աղքատությունն ու անարդարությունը հաղթահարելու նպատակով:
Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ աջակցելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը:
Հայաստանում իր գործունեությունը Վորլդ Վիժնը սկսել է 1988թ․-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ տրամադրելով մարդասիրական օգնություն։ Հետագայում, մարդասիրական աջակցության հետ մեկտեղ, Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել զարգացման ծրագրեր։
2000թ․-ին Վորլդ Վիժնը Գյումրիում մեկնարկեց իր առաջին «Երեխաների հովանավորություն» ծրագիրը՝ նշանավորելով համայնքի զարգացման երկարաժամկետ միջամտությունների սկիզբը:
Այսօր Հայաստանում գործում է Վորլդ Վիժնի 11 գրասենյակ, և ավելի քան 110,000 երեխաներ ողջ երկրում ուղղակիորեն օգտվում են կազմակերպության զարգացման ծրագրերից։
Ինչպե՞ս են գոյանում մեր կողմից իրականացվող ծրագրերի միջոցները
Մեր բյուջեն գոյանում է անհատների, կորպորատիվ գործընկերների և դոնոր կազմակերպությունների նվիրատվություններից: Վորլդ Վիժնն ունի ավելի քան երեք միլիոն անհատ հովանավոր ամբողջ աշխարհում, որոնք հավաքագրվում են հինգ մայրցամաքներում գտնվող գրասենյակների միջոցով:
Աշխարհի տարբեր երկրներում անհատ դոնորների ամսական նվիրատվություններով Վորլդ Վիժնի «Երեխաների հովանավորություն» ծրագիրը կենտրոնացած է առավել խոցելի երեխաների ֆիզիկական, էմոցիոնալ և սոցիալական բարեկեցության բարելավման վրա:
Վերջին հինգ տարիների ընթացքում Վորլդ Վիժնը սկսել է տեղական «Երեխաների հովանավորություն» ծրագիր Հայաստանում, որն իրականացվում է հիմնականում տեղաբնակների և սփյուռքահայերի կանոնավոր նվիրատվություններով։
«Երեխաների հովանավորություն» տեղական ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի խոցելի համայնքներում ապրող ծայրահեղ աղքատ ընտանիքների և նրանց երեխաների բարեկեցությունը։
Վորլդ Վիժնը նաև սերտորեն համագործակցում և ֆինանսավորվում է ինստիտուցիոնալ դոնորներից՝ Եվրոպական Միությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, ՄԱԿ ՓԳՀ-ից և այլն:
Ինչու՞ նվիրատվություն անել Վորլդ Վիժնին
Մեր առաքելությունը, արժեքները և ուժեղ կազմակերպչական կարողությունները օգնում են համոզված լինել, որ ձեր նվիրատվությունը հասնում է նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և բոլոր ռեսուրսներն օգտագործվում են ամենաարդյունավետ ձևով: Մենք առաջարկում ենք ամենօրյա գործունեություն Հայաստանի 6 մարզերում։
Վորլդ Վիժնն ունի համայնքների, դոնորների, գործընկերների և կառավարությունների հետ աշխատելու ավելի քան 70 տարվա փորձ, որը ծառայում է խոցելի երեխաների համար ավելի լավ ապագայի հնարավորություններ ստեղծելուն՝ նույնիսկ ամենադժվար վայրերում:
Վորլդ Վիժնն արմատական պայքար է մղում ծայրահեղ աղքատության դեմ՝ անհատապես աշխատելով յուրաքանչյուր երեխայի և յուրաքանչյուր ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ մենք բարելավում ենք համայնքները, որպեսզի յուրաքանչյուր երեխա վայելի կյանքը իր լիարժեքությամբ:
Վորլդ Վիժնը նվազեցնում է ծախսերը. միայն 2020 թվականին Վորլդ Վիժնի ընդհանուր գործառնական ծախսերի 88%-ն օգտագործվել է ծրագրերի համար, որոնցից օգուտ են քաղում կարիքավոր երեխաները, ընտանիքները և համայնքները:
Վորլդ Վիժնն ունի քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք օգնում են ապահովել յուրաքանչյուր դրամի հասանելիությունը այն համայնքներին, որոնց մենք սպասարկում ենք: Որոշ մարքեթինգային և վարչարարական ծախսեր, իհարկե, պահանջվում են, բայց մենք ձգտում ենք դրանք նվազագույնի հասցնել. եկամտի 90 տոկոսն ուղղվում է բուն կարիքին:
Մենք հաշվետու ենք նրանց, ում ծառայում ենք, ինչպես նաև դոնորներին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս կատարել մեր աշխատանքը:
Վորլդ Վիժնը հավատարիմ է միջազգային չափանիշներին և մոնիթորինգի համակարգերին, ինչպիսիք է Կարմիր խաչի միջազգային վարքագծի կանոնները: Մենք նաև հրապարակում ենք տարեկան հաշվետվողականության զեկույց, որն արտացոլում է մեր աշխատանքը և թափանցիկությունը, որով մենք գործում ենք մոտ 100 երկրներում:
Որո՞նք են նվիրատվություն անելու հիմնական ուղիները
Վորլդ Վիժն Հայաստանը ստեղծել է ինչպես մեկանգամյա նվիրատվության հնարավորություններ, այնպես էլ կազմակերպության կյանքը փոխող նախաձեռնություններում շարունակաբար ներգրավվելու ուղիներ:
Վորլդ Վիժնը բաց է նաև կորպորատիվ համագործակցության համար, ինչը կարող է մեծացնել մեր ջանքերը և դրականորեն ազդել կարիքավոր երեխաների խմբերի ու համայնքների վրա, ինչպես նաև՝ անհատական նվիրատվությունների համար՝ ուղղված մեկ երեխայի օգտին:
Վորլդ Վիժնի՝ կյանքը փոխող նախաձեռնություններին նվիրատվություն անելու եղանակները բազմաթիվ են.
- առցանց նվիրատվություն՝ donate.am կայք,
- կորպորատիվ համագործակցություն,
- բանկային փոխանցումներ,
- SMS նվիրատվություններ,
- դրամահավաք միջոցառումներ,
- կամավորություն։
Այցելեք մեր donate.am էջը՝ գտնելու լավագույն տարբերակը, որը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին և հավատամքին:
Ինչպե՞ս է իրականացվում մեր հաշվետվողականությունը անհատ և կորպորատիվ նվիրատուների առաջ
Մենք հաշվետու ենք նրանց, ում ծառայում ենք, և ամենակարևորը՝ նվիրատուներին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս կատարել մեր աշխատանքը:
Օնլայն նվիրատվությունների համար մենք donate.am կայքի միջոցով կիսվում ենք առցանց զեկույցով` լուսանկարներով և պատմություններով, ավարտված նվիրատվության/նախագծերի ազդեցության մասին, ինչպես նաև՝ պարբերաբար կիսում ենք մեր դոնորների տեղեկագիրը յուրաքանչյուր նվիրատուի հետ, ով երբևէ նվիրաբերելիս էլեկտրոնային հասցե է թողել:
Երեխաների առանձին հովանավորների համար տարեկան երեք անգամ ուղարկվում են անհատական զեկույցներ, որոնցում պատմվում է հովանավորների նվիրատվության շնորհիվ երեխայի կյանքի բարելավման և Վորլդ Վիժնի «Երեխաների հովանավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված՝ երեխայի անհատական զարգացման ծրագրի մասին:
Կորպորատիվ գործընկերության շրջանակներում մեր նվիրատուները ստանում են հաշվետվություն, ներառյալ համառոտ ֆինանսական զեկույց այն մասին, թե ինչպես է նվիրաբերված գումարը երկարաժամկետ փոփոխություն բերել ներգրավված համայնքներում: