Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Հույսի փարոս. ջրի մատակարարում Վարդենիսի անապահով ընտանիքներին 10/07/2024
Հույսի փարոս. ջրի մատակարարում Վարդենիսի անապահով ընտանիքներին

Հոկտեմբերի մեկին Վորլդ Վիժնը նոր նախաձեռնություն սկսեց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որտեղ ամենախոցելի խավը հաճախ բախվում է կյանքի ծանր պայմաններին։

«Ապահով տուն՝ Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի երեխաների պաշտպանություն` համայնքների դիմակայունության ամրապնդման և կենսակերպի բարելավման միջոցով» ծրագիրը նպատակ ունի օգնել 280 ընտանիքների՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային պարագաներ և ապրուստի աջակցություն։ Նույնականացված բազմաթիվ կարիքների մեջ, Վարդենիս համայնքի Ջաղացաձոր գյուղի երկու ընտանիքներ կանգնած էին հրատապ և հիմնարար խնդրի առաջ՝ չունեին խմելու ջուր իրենց տներում։

54-ամյա տատիկ Աիդան իր երկու թոռների՝ 13-ամյա Աննայի և 11-ամյա Արմենի, և իր երեք որդիների հետ (28, 22 և 18 տարեկան) բնակվում է փոքր՝ մեկ սենյականոց տանը։ Աիդայի 22-ամյա որդին ունի հոգեկան խանգարում, ինչը ավելի է բարդացնում ընտանիքի ամենօրյա մարտահրավերները։ Տարիներ առաջ դժբախտություն պատահեց Աիդայի ընտանիքում՝ դուստրն ու փեսան մահացան ավտովթարի հետևանքով, և Աիդան դարձավ թոռների միակ խնամակալը։ Նրանց եկամուտի հիմնական աղբյուրը համեստ թոշակն է, որը հազիվ է բավականացնում ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար։

Նույն համայնքում բնակվում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Արսենը, ով երեք երեխաների (8, 6 և 3 տարեկան) երիտասարդ հայր է և  դժվարությամբ է ապահովում իր ընտանիքի ապրուստը։Նա անդադար աշխատում է ամեն օր անասուններին  դաշտ է տանում՝ օրավարձ ստանալու նպատակով։

Երկու ընտանիքների տներն էլ հին և լքված շինություններ են, որոնք չունեն նույնիսկ ամենաանհրաժեշտ պայմանները՝ մաքուր խմելու ջուր, խոհանոց կամ լոգարան։ Նրանց ամենամեծ դժվարությունը, հատկապես դաժան ձմեռային ամիսներին, ջրի հասանելիությունն էր։ Նրանք ստիպված էին ջուր բերել 500 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից, ինչը ազդում էր նրանց առողջության և բարեկեցության վրա։

Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Վորլդ Վիժն Հայաստանը իրականացրեց կարիքների գնահատում և առաջնահերթություն տվեց մաքուր խմելու ջրի հասանելիությանը։

Գերմանիայի Օգնության Կոալիցիայի (ADH) կողմից ֆինանսավորվող նախագծի միջոցով խմելու ջրի խողովակներ և լվացարաններ տեղադրվեցին երկու տներում։ Այս փոքր, բայց կարևոր միջամտությունը մեծ թեթևություն բերեց Աիդայի և Արսենի ընտանիքներին։ Վերջապես նրանք կարող էին մաքուր ջուր օգտագործել իրենց տներում։

Աիդայի համար ջրի հասանելիությունը նշանակում է, որ նա կարող է ավելի հեշտությամբ հոգ տանել իր ընտանիքի մասին՝ ապահովելով իր թոռների բարեկեցությունը։ Արսենի ընտանիքի կյանքն էլ զգալիորեն բարելավվեց այլևս կարիք չկա անհանգստանալ ամեն օր ջուր կրելու մասին։

Ջրային խողովակն ու լվացարանը միայն հարմարություն չեն, դրանք ավելի լուսավոր ապագա ունենալու հույս են ներշնչում ։

Հաջողության այս պատմությունը այստեղ չի ավարտվում։ Շարունակական աջակցության  շնորհիվ հնարավորություններ կան լուծելու այլ հրատապ խնդիրներ և բարելավելու ընտանիքների կենսապայմանները։ «Ապահով տուն» նախագիծը ավելին է, քան նախաձեռնություն այն հույս և արժանապատվություն է բերում նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։

Աիդայի և Արսենի ընտանիքները մեզ հիշեցնում են, որ նույնիսկ ամենադժվարին պայմաններում հույսը կարող է վերականգնվել, իսկ կյանքերը՝ փոխվել։

Միջոցառումները իրականացվում են «Ապահով տուն՝ Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի երեխաների պաշտպանություն` համայնքների դիմակայունության ամրապնդման և կենսակերպի բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժն Ինթերնեշնլի հայաստանյան մասնաճյուղի կողմից և ֆինանսավորվում Գերմանիայի Օգնության Կոալիցիայի (ADH) կողմից։

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019