Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց 300 պատանի ինժեներների առաջին հոսքին 19/07/2016
Ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց  300 պատանի ինժեներների առաջին հոսքին

9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքը հրաժեշտ տվեց Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։ Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

 

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները: Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները:

 

Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչ, որը ամառային տեխնոլոգիական ճամբարի 300 մասնակիցների անունից  նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։

 

Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, լողի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումների:

 

«Մեզ համար ուրախալի է և ոգևորիչ, որ անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները հնարավորություն ունեն միմյանց հետ կիսվելու ինժեներական հմտություններով: Այս ճամբարը վառ օրինակն է մեր ընկերության այն համոզման, որ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կրթությունը և գիտելիքը, թերևս, լավագույն հիմքն են ցանկացած կարևոր գործի: Ucom-ը, որպես հայկական ընկերություն, մշտապես լինելու է նման նախագծերի աջակից, որոնք այսօր բոլորիս աշխատանքի ծիլերն են ցուցադրում, իսկ վաղը լինելու են Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացման հիմքը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։

 

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, - «Վորլդ Վիժնը տարիներ շարունակ երեխաների համար ամառային ճամբարներ է կազմակերպում: Մենք հավատացած ենք, որ այս տարի ևս երեխաները վառ հիշողությունների ու տպավորությունների հետ մեկտեղ տուն են տանում նաև ինժեներական նոր գիտելիքներ ու հմտություններ»:

 

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնումը՝ գիտելիքի փուլն է:  Գիտելիքին հաջորդում է երեխաների պրակտիկ համագործակցությունը, որի հիմքը նմանատիպ ճամբարների գործարկումն է:

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018