Պարենի համաշխարհային օրը Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես մեկնարկեց նոր՝ «Բավարար» (Enough) արշավը, որը նպատակ ունի խթանել առողջ սնուցումը՝ նպաստելով երեխաների առողջ զարգացմանն ու բարեկեցությանը։
Արշավի մեկնարկը տրվեց Վորլդ Վիժնի մարզային ցերեկային կենտրոններում, որտեղ երեխաները և նրանց ընտանիքի անդամները մասնակցեցին տարբեր ուսուցողական և ստեղծագործական միջոցառումների՝ ծանոթանալով առողջ սննդի սկզբունքներին։
Արշավի մեկնարկային միջոցառումները մարզերում
Ալավերդի
Վորլդ Վիժնի Ալավերդու ցերեկային կենտրոնում 38 երեխաներ մասնակցեցին Սննդային բուրգի կառուցման վարժությանը։ Նրանք առանձնացրեցին մթերքները՝ ըստ դրանց օգտակարության, և տեղադրեցին բուրգի համապատասխան հատվածներում՝ հասկանալով հավասարակշռված սննդակարգի կարևորությունը։
Կապան
Կապանի կենտրոնում անցկացվեց «Առողջ սնունդ ընտանիքի համար» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին 13 ծնողներ։ Բժշկուհի Զարինե Բաբայանը ներկայացրեց առողջ սննդի սկզբունքները, իսկ ծնողները պատրաստեցին աղցաններ՝ կիսվելով իրենց փորձով։
Սիսիան
Սիսիանի ՎՎՀ «Նավակ» կենտրոնում 56 երեխաներ մասնակցեցին «Առողջ ափսե» թեմայով սեմինար-քննարկմանը։ Նրանք ծանոթացան սննդային խմբերին և ստացան օգտակար խորհուրդներ, թե ինչպես պահպանել առողջ սննդակարգ։
Վարդենիս
Վարդենիսի ցերեկային կենտրոնում երեխաները մասնակցեցին «Բազմազան սնունդ» թեմայով միջոցառմանը, որտեղ սովորեցին մրգերի և բանջարեղենների օգտակար հատկությունները։ Նրանք նաև ստեղծեցին «Առողջ ափսե» նկարներ՝ ամրապնդելով սովորած գիտելիքները։
Թալին
Թալինի կենտրոնի երեխաները քննարկեցին տարբեր մթերքների օգտակար և վնասակար հատկությունները՝ շեշտելով առողջ սննդի կարևորությունը։
Իջևան
Իջևանի կենտրոնում 58 երեխաներ մասնակցեցին «Առողջ ապրելակերպ և առողջ սնունդ» թեմայով միջոցառումների շարքին։ Ներկայացվեցին «Առողջ ափսեի» գաղափարը և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը։
«Բավարար» արշավը նպատակ ունի շարունակաբար տրամադրել առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Վորլդ Վիժնը շարունակելու է կազմակերպել տարբեր միջոցառումներ և տրամադրել օգտակար խորհուրդներ, որոնք կնպաստեն առողջ սերունդների ձևավորմանը։
Վորլդ Վիժն Հայաստանը՝ հանուն առողջ ապագայի։