Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ «Երևան պարկի» հեքիաթային օրը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար 14/11/2024
«Երևան պարկի» հեքիաթային օրը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար

Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո՝ մեր հայրենակիցների համար այդ բարդ ժամանակաշրջանում, Վորլդ Վիժն Հայաստանը, Հայ Առաքելական Եկեղեցին և «Երևան պարկը» համատեղ ուժերով շուրջ 500 տեղահանված երեխաների ուղեկցեցին դեպի հեքիաթային օր Երևան պարկում։ ՎՎՀ-ն իր գործընկերային փորձով կապօղակ դարձավ երեխաների և Երևան պարկի անձնակազմի միջև՝ կազմակերպելով երեխաների այցը մանկական հրաշալիքներով լի երևանյան անկյուն, որտեղ մի ամբողջ օր ծիծաղ ու ժպիտներ էին տիրում։

Այս հաջողված նախաձեռնության շրջանակներում երեխաները և իրենց ծնողները, ովքեր ժամանել էին տարբեր բնակավայրերից՝ Էջմիածին, Մասիս, Բերդավան, Աբովյան, Վանաձոր, Երևան և Գուգարաց թեմ, անվճար օգտվեցին «Երևան Պարկի» զվարճանքներից և ստացան սնունդ։ Նրանք հնարավորություն ունեցան վայելելու անմոռանալի պահեր՝ թեթևացնելով տեղահանության ծանր ազդեցությունը։

Այս հաջողված նախաձեռնությունը լի էր տպավորիչ պահերով, սակայն ամենակարևորներից էին, անկասկած, երեխաների ժպիտներն ու ծնողների երախտիքի խոսքերը։

«Այս ծանր օրերին մեր երեխաներին այսքան ուրախ տեսնելն իսկական օրհնություն է: Դուք նրանց կյանքի ամենաբարդ ժամանակահատվածում ցույց տվեցիք, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում ու սեր են տալիս, ինչը այս պահին շատ կարևոր է նրանց համար ։ Անսահման շնորհակալ ենք, որ այս հնարավորությունը տվեցիք մեր երեխաներին»,- ասաց երեխաներից մեկի մայրը։

Համատեղ ջանքերի շնորհիվ  Արցախից բռնի տեղահանված երեխաները կրկին զգացին սեր ու հոգատարություն։ Այս նախաձեռնությունը ոչ միայն ստեղծեց ուրախության պահեր, այլև ուներ կարևոր նպատակ՝ նպաստելու նրանց ինտեգրման գործընթացին և հիշեցնելու, որ բոլորն արժանի են ուշադրության ու սիրո՝ անկախ հանգամանքներից։

Այս պատմությունը մեզ համար օրինակ է՝ ցույց տալու, թե ինչպես հաջող համագործակցությունը կարող է իրական փոփոխություններ բերել, և որքան կարևոր է յուրաքանչյուր երեխայի հոգատարությամբ շրջապատելը։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ նույնիսկ դժվարագույն ժամանակներում կարելի է հույս արթնացնել մարդկանց սրտերում:

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019