Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Տեսլականից մինչև գործողություն․ ՎՎՀ տարածաշրջանային ղեկավար Էլեանոր Մոնբիոթը Հայաստանում 06/08/2025
Տեսլականից մինչև գործողություն․ ՎՎՀ տարածաշրջանային ղեկավար Էլեանոր Մոնբիոթը Հայաստանում

Վերջերս Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի Վորլդ Վիժնի տարածաշրջանային ղեկավար Էլեանոր Մոնբիոթը տարածաշրջանային շրջայցի շրջանակում այցելեց Հայաստան։ Այս այցը նշանակալի հնարավորություն էր՝ կապ հաստատելու աշխատակիցների հետ, հանդիպելու հիմնական գործընկերների հետ և տեսնելու այն դրական  ազդեցությունը, որը թողնում է մեր աշխատանքը Հայաստանի համայնքներում։

 

Ջերմ ընդունելություն և ռազմավարական քննարկումներ


Այցը սկսվեց մշակութային շնչով․ Էլեանորը այցելեց Հայաստանի հոգևոր և պատմական կարևորություն ունեցող տեսարժան վայրեր՝ Գառնիի տաճար և Գեղարդի վանք։ Հաջորդ օրը նա միացավ ՎՎՀ ամբողջ թիմին գրասենյակում։ Հանդիպումը սկսվեց հոգևոր սերտողությամբ, ինչին հաջորդեց աշխատակիցների հետ քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին ՎՎՀ ներկայումս իրականացվող ծրագրերը և ռազմավարական նպատակները, ինչպես նաև կազմակերպության անցումը տեղական ինքնաֆինանսավորման մոդելի։  
ՎՎՀ թիմի անդամները ներկայացրին ազդեցիկ արդյունքներ և իրական պատմություններ երեխաների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման, ընտանեկան խնամքի, երիտասարդության զարգացման և արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում իրականացվող ծրագրերից։

Հանդիպումներ կառավարության և մեդիայի հետ


Էլեանորը հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ, որի ընթացքում վերահաստատվեց ՎՎՀ-ի և ՀՀ կառավարության շարունակական համագործակցությունը սոցիալական պաշտպանության և երեխաների բարեկեցության ոլորտներում։ Քննարկման ընթացքում շեշտվեց քաղաքացիական հասարակության և պետական կառույցների համագործակցության կարևորությունը՝ խոցելի երեխաների և ընտանիքների կարիքները բավարարելու համար։ Երկու կողմերն էլ ընդգծեցին համակարգային մոտեցումների, կայուն քաղաքականությունների մշակման և երկարաժամկետ ազդեցություն ունեցող համատեղ ջանքերի կարևորությունը։


Այնուհետև Էլեանորը հարցազրույց տվեց ՍիվիլՆեթին՝ անդրադառնալով ՎՎՀ-ի անցմանը տեղական, ինքնաֆինանսավորվող մոդելի։ Նա խոսեց խոցելի երեխաների և ընտանիքների հետ Վորլդ Վիժն Հայաստանի տասնամյակների աշխատանքից, այդ թվում՝ վերջին ամիսներին ավելի քան 16,000 տեղահանված անձանց աջակցությունից։ Նա կարևորեց համակարգային փոփոխությունների, սոցիալական ներառման և տեղական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ կայուն արդյունքների հասնելու համար։

 

Տարածաշրջանային այցեր Վարդենիս և Տավուշ


Վարդենիսում Էլեանորը այցելեց ՎՎՀ գրասենյակ՝ հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր անմնացորդ աշխատում են համայնքների բարեկեցության համար։ Այստեղ նա ծանոթացավ մի շարք նախաձեռնությունների հետ, որոնք փոխում են երեխաների և ընտանիքների կյանքը։ Հատկապես տպավորիչ էր «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում ստեղծված հատուկ սարքավորումների գույքադարանը։ Այս ժամանակակից սարքավորումներով հագեցած անկյունը իրական հույս է տալիս այն ընտանիքներին, որոնց երեխաները ունեն զարգացման առանձնահատկություններ։

Այցի հաջորդ փուլում Էլեանորը քայլերը ուղղեց դեպի ՎՎՀ «Նավակ» ցերեկային խնամքի կենտրոն։ Կենտրոնի փոքրիկ սաները ջերմությամբ դիմավորեցին նրան։ Զրույցները երեխաների հետ վերածվեցին ուրախ ժպիտների և նոր գաղափարների, իսկ համատեղ խոհարարական գործունեությունը՝ առողջ սննդակարգի թեմայով, դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև իսկական ուրախության պահ։ Խոհանոցի բույրերը, երեխաների ծիծաղը և պատմությունները հիանալի կերպով արտացոլում էին, թե որքան կարևոր է յուրաքանչյուր երեխայի ներառումը և վստահությունը սեփական ուժերի հանդեպ։

Հաջորդիվ Էլեանորը այցելեց ՎՎՀ ծրագրերից աջակցություն ստացած բազմակողմանի խոցելի ընտանիքներին։ Նա անձամբ հանդիպեց ընտանիքների հետ՝ լսելու ընթացիկ կարիքները և հասկանալու ՎՎՀ աջակցության ազդեցությունը նրանց կյանքի վրա։


Տավուշում Էլեանորը այցելեց ՎՎՀ Ազատամուտի գրասենյակ, որտեղ հանդիպեց տեղահանված ընտանիքների և ցերեկային կենտրոն հաճախող երեխաների հետ։ Նրանց աչքերում նա տեսավ ոչ միայն անցած դժվարությունները, այլև ապագայի հույսը։ Օրվա ավարտին Իջևանում անցկացվեց ՎՎՀ ավագ ղեկավարության հետ հանդիպում, որտեղ քննարկվեցին ապագա զարգացման ուղիները։ Այս քննարկումները հագեցած էին գաղափարներով, որոնք նպատակ ունեն ավելի ամուր հիմքեր ստեղծել Հայաստանում երեխաների ու ընտանիքների բարեկեցության համար։

Այցի ամփոփում․ Գործընկերություն և համատեղ նպատակներ


Այցի վերջին օրը Էլեանոր Մոնբիոթը մասնակցեց կլոր սեղանի քննարկմանը, որտեղ ներկա  էին ՎՎՀ տարբեր դրամաշնորհային ծրագրերի գործընկերներ։ Քննարկման ընթացքում շեշտվեցին համագործակցության խորացման, ազդեցության մեծացման և ծրագրերի կայունության թեմաները։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, պատմեցին հաջողությունների ու մարտահրավերների մասին և միասին ուսումնասիրեցին ապագա համագործակցության նոր հնարավորությունները։
Այցի եզրափակիչ փուլում Էլեանորը կիսվեց իր դիտարկումներով ՎՎՀ ավագ ղեկավարության հետ և մասնակցեց Խորհրդատվական խորհրդի նիստին։

 

Մենք խորապես շնորհակալ ենք Էլեանորի ներկայության, խորհուրդների և ոգեշնչման համար։ Նրա այցը ևս մեկ անգամ ընդգծեց մեր համատեղ առաքելությունը՝ շարունակելու կառուցել լուսավոր ապագա յուրաքանչյուր երեխայի համար Հայաստանում։

 

Այլ նորություններ