Ցուրտ և կոշտ պայմաններում ապրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար այս ձմեռը դարձավ ավելի մեղմ՝ շնորհիվ Վորլդ Վիժն Հայաստանի և Յուքոմի համագործակցության: Այս անգամ գործընկերության շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը միավորել էին երկու կազմակերպությունների ջանքերը՝ օգնելու տեղահանված մեր հայրենակիցներին:
Կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը նպատակ ուներ աջակցել Վարդենիսի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ապրող բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ավելի շատ են զգում ձմռան բերած ծանրությունը։ Յուքոմի կողմից արված 20մլն դրամ նվիրատվության շնորհիվ այս մարզերում ապահովվեց՝
- 700 մարդու համար ձմեռային հագուստ,
- 150 ընտանիքի՝ տաքացուցիչներ,
- 200 ընտանիքի՝ անկողնային պարագաներ։
Այս նախաձեռնության հիմքը դրվել էր Յուքոմի աշխատակիցների և ընկերության համատեղ ջանքերով: Աշխատակիցներն հավաքել էին 10 միլիոն դրամ, որն ընկերությունը կրկնապատկել էր։ Այս առատաձեռն նվիրատվությունը հաստատում է, որ մարդասիրական համախմբվածությունն ավելին է, քան պարզապես նյութական օգնությունը։
Բացի ֆինանսական աջակցությունից Յուքոմի աշխատակիները ներգրավվեցին նաև որպես կամավորներ և այցելեցին Վարդենիս՝ անձամբ օգնությունը հանձնելու, ինչպես նաև ծանոթանալու տեղահանվածների առօրյային ու խնդիրներին։
Տեղահանված ընտանիքներից մեկի մայրը նշեց. «Այսպիսի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, մենք զգացինք, որ միայնակ չենք այս պայքարում»: Աջակցության փաթեթները, իսկապես, մեծ նշանակություն ունեն, սակայն մարդկային ուշադրությունն ու հոգատարությունը՝ ամենաթանկ նվերն է, որը ընտանիքներին թույլ է տալիս գտնել ուժ և հույս՝ անցնելու առկա դժվարությունները։ Այս համագործակցության շնորհիվ հարյուրավոր մարդիկ ստացան անհրաժեշտ օգնություն, որպեսզի կարողանան հաղթահարել առաջիկա ամիսների խստաշունչ ձմեռը։
«Յուքոմը մարդակենտրոն ընկերություն է և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ընդգծեց Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով, որ գործընկերությունը Վորլդ Վիժն Հայաստանի հետ շատ ավելին է, քան պարզապես նվիրատվությունը․ այն ևս մեկ անգամ ընդգծում է բարություն և համախմբվածություն տարածելու կարևորությունը։
«Վորլդ Վիժն Հայաստանի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Յուքոմի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:
Այսպիսի նախաձեռնություններն ապացուցում են, որ հնարավոր է միասնական ջանքերով իրագործել նպատակներ: Վորլդ Վիժն Հայաստանի և Յուքոմի աշխատակիցներն ու ղեկավարները հաստատում են, որ յուրաքանչյուր փոքրիկ քայլ էական նշանակություն ունի մեր հայրենակիցներին աջակցելու այս դժվարին շրջանում:
Այս համագործակցությունն ավելին է, քան պարզապես աջակցություն․ այն հույսի, համերաշխության և միասնության ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր անցնում են դժվարին պայմաններով։